Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Վստահ չեն` կենդանիները ականապատ տարածքներո՞ւմ են վնասվել, թե՞ թակարդներում»

«Վստահ չեն` կենդանիները ականապատ տարածքներո՞ւմ են վնասվել, թե՞ թակարդներում»
05.05.2017 | 12:14

1958-ին Գեղամա լեռնավահանի հարավ-արևմուտքում, Ազատ և Վեդի գետերի ավազաններում կազմավորվել է «Խոսրովի անտառ» արգելոցը` բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով: Ըստ Մովսես Խորենացու՝ այս տարածքը որսի կենդանիներով ու թռչուններով է բնակեցվել Խոսրով Բ թագավորի գահակալության ժամանակ (330-338 թթ.), նրա պատվին էլ ստացել է «Խոսրովի անտառ» անվանումը:

Խոսրովի արգելոցը առաջին կարգի պահպանվող պետական տարածք է, այստեղ մարդու գործունեությունը խստիվ արգելված է, միջոցառումներ անել չի թույլատրվում, զբոսաշրջիկները նախարարության հատուկ թույլտվությամբ են այցելում և սահմանափակ թվով:
«Ընձառյուծի հետքերով». այսպես էր կոչվում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում կազմակերպված տեղեկատվական արշավը դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց:
Արգելոցը հյուրերին ընդունեց գրկաբաց: Այցելուների կենտրոնը (որտեղ կա նաև գիշերակացի հնարավորություն) և, առհասարակ, անտառի տարածքը բարեկարգ են, խնամված ու հյուրընկալ: Էկոզբոսաշրջության վայրիվերումները սկսվեցին արգելոց տանող ճանապարհից: Ավելի ուշ արգելոցի աշխատակիցը անկեղծորեն նկատելու էր` եթե ճանապարհը բարեկարգվի, զբոսաշրջիկները շատ կլինեն: Հակադարձումն էլ հեռու չէր տրամաբանական լինելուց` էկոզբոսավայր տանող ճանապարհը չի կարող ասֆալտապատ լինել: Բայց մարդու ձեռք չկպած, դժվարանցանելի ճանապարհը շատ երկար էր ձգվում, հիշեցնելով, որ այդպիսին են գրեթե բոլոր գյուղական ճանապարհները: Այստեղ վերջակետ ենք դնում ու շարժվում ընձառյուծի հետքերով: Ցանկությունը մեծ էր առհասարակ կենդանական աշխարհի մեծ ու փոքր ներկայացուցիչներին հանդիպելու: «Ի՞նչ պետք է անենք, եթե արջի հանդիպենք» հարցի պատասխանը շատ պարզ էր. «Եթե նրան չանհանգստացնեք, կթողնի, կգնա»: Նույնը վերաբերում էր օձերին, մանավանդ որ տարվա այս եղանակին օձերի պակաս չկա: Կենդանական աշխարհը սպասվածից ավելի բարեսիրտ գտնվեց` թույլ տալով մեզ անարգել շրջել իրենց բնակավայրում: Լրագրողներից մի քանիսին բախտ վիճակվեց հեռվից նշմարել բեզոարյան այծին, ցուցանակին դրոշմված արջի ճանկերի հետքերը հուշում էին, որ այստեղով արջ է անցել, կարծես ցանկացել է տեղաշարժել ցուցանակը, բայց չի հաջողել: Նկատելի էին նաև գայլի ոտնահետքեր, արջի արտաթորանք: Վայրի բնություն-մարդ հանդիպումը, որպես այդպիսին, չկայացավ: Ֆոտոթակարդում էլ հայտնվեցին ոչ թե կենդանիները, այլ լրագրողները, մի տարբերությամբ` վայրի կենդանիները պատահականության սկզբունքով էին հայտնվում «թակարդում», լրագրողները նկարահանվում էին ինքնակամ: Արշավը ժամանակ առ ժամանակ ընդմիջում ու կուսական աշխարհի անդորրը խաթարում էին լրագրողական ձայնագրիչներն ու տեսախցիկները: Հարց ու պատասխանի առանցքում կովկասյան ընձառյուծն էր և` ոչ միայն: «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ընձառյուծի ապրելավայրերից մեկն է: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Բնության համաշխարհային հիմնադրամի «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի համակարգող ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, նշելով, որ 2002-ին մեկնարկած «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որը WWF-Հայաստան հիմնարար ծրագրերից է, իրականացնում են բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների հզորացմանն ու տեղեկատվության մակարդակի բարելավմանն ուղղված միջոցառումներ: Այդ նպատակով աջակցում են նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Աշխատում են համայնքների հետ` բնապահպանության մեջ մեծապես կարևորելով համայնքների դերը: Վայոց ձորում և Սյունիքի մարզում ունեն ընձառյուծների խնամակալներ: Շուտով փորձագետի են հյուրընկալելու արտասահմանից: Նպատակ ունեն մեղմելու վայրի բնություն-մարդ կոնֆլիկտը: Աջակցում են նաև բնապահպանության պետական տեսչությանը` թրեյնինգների միջոցով, տեխնիկա տրամադրելով և այլն: Կարևորում են հատկապես տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, որ մարդիկ արժևորեն շրջակա բնությունը, հատկապես կենդանիների ու բույսերի դրոշակակիր տեսակները:


WWF-Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է վտանգված տեսակների պահպանությունը, որոնց շարքում են կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և այլն:
WWF-ի և ՀՀ բնապահպանության նախարարության սերտ համագործակցությամբ Հայաստանի հարավում ստեղծվել են հատուկ պահպանվող չորս նոր տարածքներ («Արևիկ» ազգային պարկ, «Զանգեզուր» և «Խուստուփ» պետական արգելավայրեր և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտ), որոնք ընդգրկում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը: Դրանց ընդհանուր տարածքը 73229 հա է, ինչը կազմում է հանրապետության տարածքի 2,5 տոկոսը:
Ընձառյուծներն անընդհատ տեղաշարժվում են Հայաստան-Իրան, Հայաստան-Նախիջևան ճանապարհներով: Այս առումով կարևոր է նաև սահմանակից երկրների գործընկերների և շահագրգիռ այլ անձանց հետ համագործակցությունը: «Կենդանիները պետական սահմաններ չեն ճանաչում, ու տեղաշարժի ժամանակ ականապատ տարածքներում կարող են վնասվել: ՈՒնենք վնասված ընձառյուծներ, թեև վստահ չենք` դա ականապատ տարածքների՞ արդյունք է, թե՞ թակարդի,- ասաց Արսեն Գասպարյանը:- Այս ուղղությամբ աշխատանք պետք է արվի, բայց առաջնահերթ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ ընձառյուծը կարողանա ապահով ապրել մեր երկրում: Այդ նպատակով Խոսրովից մինչև Զանգեզուր ստեղծվելու է էկոլոգիական միջանցք, ինչը կապահովի կենդանու անվտանգ տեղաշարժը մեր երկրում»:


WWF-Հայաստանի ներկայացուցիչը ասաց նաև, որ մեկ ընձառյուծն անցնում է 30 հազար հեկտար տարածություն. «Խոսրովի անտառը մոտավորապես այդքան տարածք է զբաղեցնում, ուստի միայն Հայաստանը, որպես այդպիսին, շատ փոքր է նրանց համար: Մեր երկիրը փոքր է, բայց գրավիչ: Էկոհամակարգը, որ մենք հիմա այստեղ տեսնում ենք, ամբողջովին համապատասխանում է ընձառյուծի ապրելակերպին` ձյան սակավություն, ժայռային տարածքներ և, իհարկե, կերային բազայի առկայություն: Խոսրովի արգելոցը գրավիչ վայր է նաև թռչնադիտարկողների, վայրի բնության դիտարկողների և արշավականների համար»:


Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի փորձագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ գործարկեց ԳՏՀ ընդունիչը (գլոբալ տեղորոշման համակարգ, ինչի օգնությամբ կողմնորոշվում են տարածքում), ինչպես նաև ծանոթացրեց կենդանիներին նկարող սարքերի` ֆոտոթակարդների գործառույթին:
Նրա փոխանցմամբ` ֆոտոթակարդում հայտնվել են արջեր, վայրի խոզեր, գայլեր, իսկ ընձառյուծին ֆոտոթակարդը վերջին անգամ արձանագրել է 2013-ին, որից հետո Նախիջևանի գործընկերները նույն կենդանուն տեսել են Արաքս գետի մոտակայքում:
Ընձառյուծին բոլորովին վերջերս հանդիպել են նաև արգելոցի աշխատակիցները: Այս մասին իրազեկեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, վստահեցնելով, որ շատ շուտով կենդանուն կարձանագրեն նաև ֆոտոթակարդներով ու երբ լուսանկարներն ունենան, կտեղեկացնեն այդ մասին:
Ներկայումս, ըստ WWF-Հայաստանի ներկայացուցիչների մշտադիտարկման տվյալների, հարավային Հայաստանում, հիմնականում Զանգեզուրի լեռնաշղթայում, ընձառյուծի 7-9 առանձնյակ կա: Հայտնի է հատկապես Զանգեզուրում հայտնաբերված ընձառյուծը, որին Եվա անունով են կնքել, մայր ընձառյուծը երկու թե երեք ձագ ունի: Իսկ առհասարակ, ինչպես ասում է Արսեն Գասպարյանը, դժվար է տեսնել ընձառյուծին: Այն ճանապարհները, որոնցով նա անցնում է, չեն խանգարում մարդկանց: Եվ գիտակցումը, որ տարածքում ընձառյուծ կա, մոտակա համայնքների բնակիչների մեջ ոչ թե վախ, այլ հպարտություն է առաջացնում:
Հավելենք, որ ընձառյուծը գրանցված է ՀՀ, նաև Բնության պահպանության միջազգային միության «Կարմիր գրքում»:


Ընձառյուծ որսալու համար իբրև պատժամիջոց սահմանված է 3 մլն դրամ: Իսկ արգելոցի տարածքում ընձառյուծ կամ բեզոարյան այծ որսալու դեպքում տուգանքի չափը հնգապատկվում է` 15 մլն դրամ: Այս մասին տեղեկացրեց Ռաֆիկ Պետրոսյանը, միաժամանակ վստահեցնելով, որ 99,9 տոկոսով որսագողությունը բացառվում է: Արգելոցը 24 հազար հեկտար բաց տարածք ունի, բոլոր կողմերից կարող են մարդիկ մտնել: 24 ժամ հերթապահություն են իրականացնում և՛ հատուկ ջոկատի, և՛ տեղամասային տեսուչների միջոցով: Ի դեպ, արգելոցը բաժանված է 4 տեղամասի, և մեկ աշխատակցին մոտ 1000 հա տարածք է բաժին ընկնում: Կառավարումը, ըստ փոխտնօրենի, արդյունավետ է: Մեքենայի, վառելիքի, հագուստի խնդիր չունեն, զենքեր ունեն: Միակ խնդիրը անտառի պահապանների` «ռենջերների» աշխատավարձն է (պարգևավճարով 80 հազար դրամ է), իսկ նրանք աշխատում են գիշեր ու ցերեկ: Ահազանգի դեպքում գիշերը քնից հանում-տանում են: Որսագողության դեպք հայտնաբերելիս` տեղում արձանագրություն կազմելու իրավունք չունեն, գործը հանձնում են պետական տեսչություն կամ ոստիկանական բաժին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները` Գալուստ ՆԱՆՅԱՆԻ և Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ